Նովոսիբիրսկի մարզի Կոչենեւո գյուղի զորամասից փախել է տասը մարդ, տեղեկացրել է Կոչենեւոյի ղեկավար Եվգենի Անտիպովը։ Նրա խոսքով՝ նրանք զորամասից հեռացել են տաքսիով եւ հանցագործություններ չեն կատարել շրջանի տարածքում։

Զինծառայողները փախուստի են դիմել նոյեմբերի 12-ի երեկոյան, նրանց մեծ մասը Կրասնոդարի երկրամասի բնակիչներ են, NGS ինտերնետ-պարբերականին պատմել է իրազեկ աղբյուրը։ Նրա խոսքով՝ վեց զինվոր մեկնել է Կեմերովոյի մարզ։ Նրանց մեջ կային այնպիսիները, որոնք մինչ այդ արդեն ինքնակամ հեռացել էին ՌԴ տարածքի զորամասերից։

Կոչենեւոյի զորամաս գործուղվել է ընդամենը 30 մարդ Կենտրոնական ռազմական օկրուգից, որոնք մինչ այդ փախել էին զորամասերից տարբեր պատճառներով, նշել է պարբերականի զրուցակիցը։ Կոչենեւոյում նրանց կարող էին հավաքել պատերազմ ուղարկելու համար, գրել է պարբերականը։

Baza թելեգրամ-ալիքի տվյալներով՝ հինգ փախուստի դիմածներին արդեն բռնել է ոստիկանությունը, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Կոչենեւոյի բնակիչների չաթում տեղի ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ փախստականները զինված չեն։

«Մեդիազոնայի» հաշվարկներով՝ հունվար-հուլիսին ՌԴ զինվորական դատարանները քննել են զորամասերի ինքնակամ լքման 5 204 գործեր (ՔՕ հոդված 37)։ Դա ավելին է, քան 2023թ. ամբողջ ընթացքում, այն ժամանակ դատական ատյանները ստացել էին նման 5 096 գործ։

Ուկրաինա ներխուժման սկզբից ծառայությունից հրաժարվելու քրեական գործերով ֆիգուրանտներ են դարձել 10 հազար ռուսաստանցիներ, հաշվել է պարբերականը։