Նախագահ Բայդենի վարչակազմը արտոնել է ԱՄՆ մատակարարած մինչեւ 300 կիլոմետր հեռահարությամբ զենքի կիրառումը Ռուսաստանի տարածքի խորքում։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինծառայողներին ԱՄՆ մատակարարծ զենքը Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու համար օգտագործելու թույլտվության հարցը քննարկվել է ԵՄ ԱԳՆ ղեկավարների երկուշաբթի օրվա հանդիպման ժամանակ, տեղեկացրել է BBC-ն։

«Այսինքն՝ խոսքը 300 կիլոմետր շառավղի մասին է։ Դա այնքան էլ շատ չէ, եթե խոսենք հեռավորության մասին, դա մեծ հեռավորություն չէ, այն երկրի խորքը չի հասնում, բայց դա վարչակազմի որոշումն է։ Ինչո՞ւ են նրանք այդ որոշումն այժմ կայացրել, այլ ոչ թե ընտրություններից առաջ։ Ես չգիտեմ»,- նշել է Բորելը։

Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները համատեղ որոշում չեն ընդունել Ռուսաստանի տարածքում արեւմտյան զենքի օգտագործման սահմանափակումները չեղարկելու մասին։ «Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում»,- ասել է Բորելը։