Անընդհատ խոսվում է նոր, արտահերթ ընտրություններից, բայց մենք ավելի կարևոր հարցեր ունենք. մեր անվտանգության հարցն է մեր առաջին խնդիրը, որ մենք պիտի միասնական կարողանանք այդ խնդիրները լուծենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Եթե մի օղակը առաջ է գնում,  մնացած օղակները հետ են մնում, մենք մեր անվտանգության խնդիրները չենք կարողանում լիարժեք լուծել։  Իսկ մենք տեսնում ենք, որ կան, ասենք, օղակներ, որ հետ են քաշվում: Դրա համար այդ օղակները պետք է ազատվեն իրենց ղեկավարից և նոր ղեկավարներ նշանակում են, որ գնանք առաջ։

Մեր խնդիրը ընտրությունները չեն։ Դեռ 1,5 տարի կա ընտրություններին, Այս ընթացքում մենք պետք է կարողանանք մեր խաղաղության հարցերը լուծենք, մեր անվտանգության հարցերը լուծենք։ Դրա համար մարդիկ են պետք, որ կարողանան այսպես համաքայլ գնան այդ խնդրի լուծման»,- ընդգծեց նա:

Մելքոնյանի խոսքով, առաջնայինը պետք է լինի անվտանգության խնդիրը, խաղաղության պայմանագրի խնդիրը, իսկ դրա համար պետք է ուժեղ լինել. «Պետք է քո արդարադատությունն էլ լինի, որ անվտանգությունդ ուժեղ լինի։ Եթե կան անարդարություններ, չի կարող քո անվտանգության խնդիրը ավելի լավ լինի:

Մարդիկ օրինակ են բերում, որ օրինակ, 2018-ին սպանությունների քանակն եղել է մոտ 30, 35, մինչև 40, հիմա աճել է մինչև 60-65-ի: Դա էլ է չէ՞ ազդում անվտանգության վրա: Մարդիկ ասում են՝ էս ինչ անտեր երկիր է, այսքան սպանություններ կան: Ասում եք՝ վարչապետն է մեղավոր, հիմա վարչապետը հարց է լուծում, ասում են. «Բա ինչի՞ հանեց այս մարդուն»: Մի քանի օր առաջ ասում էիք՝ այ այս պաշտոնյան վատ է աշխատում, այստեղ վատ է, այնտեղ վատ է, հիմա այդ մարդուն գործից ազատել են, հիմա էլ ասում եք՝ ինչի՞ ազատեցիք: Հիմա չհասկացանք ձեզ, պետք է ազատե՞լ, թե՞ չազատել։ Արդարարություն պիտի լինի, թե՞ չպիտի լինի»,- ասաց նա: