Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա մատակարարել զենիթային հթրիռներ եւ այլ սպառազինություն ի հաշիվ ՌԴ սառեցված ակտիվների եկամուտների, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն։

«Ֆրանսիացի հարկատուների համար հաճելի կլինի իմանալ, որ մենք գտել ենք Ուկրաինայի աջակցության ֆինանսավորման նոր տարբերակներ։ Հաջորդ շաբաթ մենք Կիեւ կմատակարարենք ՀՕՊ Mistral հրթիռներ, ինչպես նաեւ այլ սպառազինություն, այդ թվում Իտալիայի հետ համատեղ, ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին»,- ասել է նա Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան կշարունակի ուսուցանել ուկրաինացի զինվորներին։ Լեքորնյուն տեղեկացրել է, որ վերջերս 2 300 ուկրաինացի զինվորական, որոնք ուսուցանվել են Շամպանի մարզաբազաներում, հետ են ուղարկվել Ուկրաինա։

Մինչ այդ Le Monde-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան վերականգնել են բանավեճը մասնավոր ռազմական ընկերությունների զինվորականներին Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ։ Փարիզը եւ Լոնդոնը չեն բացառում կոալիցիայի ստեղծման հնարավորությունը Կիեւին աջակցելու համար։

Մայիսի վերջին Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ բանակցությունների արդյունքներով հայտնել էր, որ Կիեւը ողջունում է Փարիզի նախաձեռնությունը իր զինվորականներին Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ։ Սիրսկին նշել է, որ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստորագրվել են։

ԵՄ երկրներում պատերազմն սկսվելուց հետո սառեցվել է մոտ 220 մլրդ եվրո –պահուստ ՌԴ ԿԲ-ից։ Այդ տարվա հունվարին Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել, որի համաձայն՝ այդ ակտիվների վերաներդրման եկամուտները Ռուսաստանի սեփականությունը չեն, ուստի դրանք կարելի է ուղարկել Ուկրաինայի օգնության նպատակով։

Հոկտեմբերի սկզբին ԵՄ երկրները հավանություն են տվել Կիեւին 35 մլրդ եվրո վարկի հատկացմանը ի հաշիվ ռուսական ակտիվների եկամուտների։ Ավելի ուշ այդ որոշումը վավերացրել է Եվրախորհրդարանը։ Նախատեսվում է միջոցները տրամադրել Ուկրաինային մինչեւ 2025թ. վերջ։ Ուկրաինան ստացել է առաջին 1,4 մլրդ եվրոն Ռուսաստանի ակտիվների եկամուտներից։