Լեհաստանն ամեն բան կանի եվրոպական ընտանիքին Հայաստանի էլ ավելի մերձեցման համար, եւ եթե Հայաստանը հետաքրքրված է, մենք պատրաստ ենք օգնել։ Այս մասին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցում նոյեմբերի 26-ին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նա բարձր է գնահատել եվրոպական քաղաքակրթությանը Հայաստանի մերձցման մակարդակը։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի պոտենցիալը, նրա պատմությունը եւ հարուստ մշակույթը։ Հայերն իրենց էական ավանդն են ներդրել համաշխարհային մշակույթի եւ եվրոպական քաղաքակրթության զարգացման գործում։ Մենք լավ ենք տրամադրված հայ ժողովրդի եւ ՀՀ իշխանությունների հանդեպ։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի Հայաստանը մոտեցնենք եվրոպական ընտանիքին»,- նշել է Դուդան։
Նա հիշեցրել է, որ հայերը Լեհաստանում ապրել են դեռ 13-րդ դարից՝ հետաքրքրվածություն հայտնելով քաղաքական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համագործակցության ինտենսիվացման հարցում։
Լեհաստանի նախագահը հիշեցրել է, որ 2025 թվականից իր երկիրը նախագահելու է Եվրամիության Խորհրդում՝ հավաստիացնելով, որ Վարշավան իրենից կախված ամեն բան կանի Հայաստանի եւ ԵՄ մերձեցման համար։
«Երբ մենք խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա կապված է նաեւ այն որոշումների հետ, որոնք ընդունվում են ԵՄ մարմինների կողմից, եւ այստեղ նույնպես Լեհաստանը հնարավորություն կունենա որոշումներ ընդունել։ ԵՄ-ը հավաքական մարմին է, եւ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է միության անդամների մեծամասնության համաձայնությունը։ Մենք ցանկանում ենք վերականգնել «Արեւելյան գործընկերություն» ձեւաչափը, որը փոփոխությունների կենթարկվի»,- ասել է Անջեյ Դուդան։











