Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին ներկայացրել է տեղական արտադրության նոր ռազմանավը շահագործման հանձնելու ծրագիրը, որը հագեցած կլինի հեռահար ուղղահայաց արձակման զենիթահրթիռային հրթիռներով:
Փոխծովակալ Շահրամ Իրանին հարցազրույց է տվել իրանական Tasnim գործակալությանը Ազգային նավատորմի օրվա կապակցությամբ։ Կարևորելով ռազմածովային ուժերի առաջընթացը տեխնիկայի լայն տեսականի արտադրելու հարցում՝ հրամանատարը նշել է, որ մոտ ապագայում տեղական արտադրության ՝ «Քուրդիստան» անունով նոր նավ կներկայացվի։
Նա նշել է, որ նոր ռազմանավը համալրված կլինի «Սայադ» զենիթահրթիռային համակարգով, որն ընդունակ է ուղղահայաց հեռահար հրթիռներ արձակել։
Փոխծովակալը միաժամանակ հայտնել է, որ «Զագրոս» կոչվող ևս մեկ նոր ռազմանավ կսկսի ծառայությունը՝ հավելելով, որ «Սաբալան» կործանիչի հրթիռային հնարավորությունները քառապատկվել են։
Նա ասել է, որ ռազմածովային նավատորմը միաժամանակ մշակել է ծով-երկիր դասի հրթիռներ՝ ավելի քան 1000 կիլոմետր հեռահարությամբ՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Փոխծովակալ Իրանին, բարձր գնահատելով Իրանի ռազմածովային ուժերի առաջընթացը սուզանավերի արտադրության ոլորտում, նշել է, որ օրակարգում է ծանր և գերծանր սուզանավերի արտադրությունը։
Նա հավելել է, որ ռազմածովային ուժերը մշակում են «Բեսաթ» կոչվող ծանր սուզանավը, որը կհագեցվի ժամանակակից սպառազինությամբ և կգործարկվի անհրաժեշտ փորձարկումներից հետո։ Պատասխանելով ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների մասին հարցին՝ հրամանատարը նշել է, որ իր ուժերը տեղական արտադրության երկու տեսակի «ռազմավարական անօդաչու թռչող սարքերով» կհամալրվեն:




























