Ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի զարգացմանը։ Դրանք են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Անդրկովկասյան պետությունների հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Դրա մասին նոյեմբերի 29-ին «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Արևմուտքի միջամտության ռումբերը թափվում են ամենուր, այդ թվում՝ Անդրկովկասում, և ես կարծում եմ, որ Անդրկովկասի բոլոր երկրները և նրանց հարևանները պետք է լինեն շատ ուշադիր և զգույշ, մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի Անդրկովկասի խնդիրները լուծվեն, նախ և առաջ կովկասյան պետությունների և իրենց ամենամոտ հարևանների ուժերով։ Հենց դրա համար էլ ռուսական կողմը մեծ կարևորություն է տալիս «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի զարգացմանը։

Մենք կողմ ենք այս ձևաչափի զարգացմանը, դրանում քննարկելու տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցերը, որպեսզի աշխարհի այս անկյան տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային լուծում, այլ ոչ թե դրսում՝ Վաշինգտոնում, Լոնդոնում և այլուր հորինված պարտադրված լուծումներ ունենան»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Միխայիլ Գալուզինը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 18-ին, Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների «շատ բովանդակալից» հանդիպումը։ «Իսկ վրացի մասնակիցների համար դռները միշտ բաց են»,-ընդգծել է նա։

Երբ խնդրել են մեկնաբանել այն փաստը, որ Վրաստանը, չնայած քաղաքական կուրսի փոփոխությանը, չի ձգտում միանալ «3+3» ձևաչափին, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ինքը մեկնաբանություններ ունի այս հարցի վերաբերյալ, քանի որ «դա պետք է լինի հենց Վրաստանի ղեկավարության որոշումը, այլապես դա կլինի միջամտություն ինքնիշխան պետության գործերին»։