Մեքսիկայի անվտանգության ուժերը չորեքշաբթի հայտարարել են, որ իրականացրել են երկրի պատմության մեջ ֆենտանիլի ամենախոշոր առգրավումը` Սինալոա նահանգում առգրավելով 1100 կիլոգրամ սինթետիկ օփիոիդ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրավապահ մարմինների հայտարարության մեջ նշվում է, որ առգրավումը համարժեք է ֆենտանիլի 20 միլիոն չափաբաժնի և կազմակերպված հանցագործությանը մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս կպատճառի:
Ռեկորդային առգրավումը տեղի է ունեցել Սինալոայում ուժեղացված բռնության ֆոնին, որտեղ Սինալոա կարտելի խմբակցությունները ինտենսիվ մարտերի մեջ են մտել հուլիսին օրենքով գող Իսմայել «Էլ Մայո» Զամբադային բռնելուց հետո:
«Այդ հետաքննությունը վաղուց էր ընթանում, և երեկ տվեց այս արդյունքները։ Դա ֆենտանիլի հաբերի՝ երբևիցե արձանագրված ամենամեծ առգրավումն է»,-չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը:
Անվտանգության ուժերը հայտնաբերել են ֆենտանիլ Ահոմի մունիցիպալիտետի անշարժ գույքի երկու օբյեկտում, որոնք բացահայտվել են հետախուզական աշխատանքների և հանրությունից ստացված հաղորդումների միջոցով:
Շենքերից մեկում իրավապահները հայտնաբերել են 800 կիլոգրամ ֆենտանիլ, որոշակի քանակի պրեկուրսորային քիմիական նյութեր և չորս փոխադրամիջոց:
Մյուսում շենքում հայտնաբերել են մոտ 300 կիլոգրամ քաշով ֆենտանիլի 11 փաթեթ, ինչպես նաև պրեկուրսորներ, կշեռքներ և արդյունաբերական խառնիչներ։





























