Վարչապետը գալիս եւ պատմում է մեզ Ալիեւի հետ հանդիպման մասին, վարչապետը մեզ ինֆորմացիա է տալիս, որը պետական գաղտնիք է պարունակում, իսկ նա այդ ամենը հրապարակում է։ Դա նորմա՞լ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 5-ին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով պատգամավոր Հովիկ Աղազարյան պահվածքը։
«Մենք ավելի քան մեկ տարի փնտրում էինք, որպեսզի հասկանանք, թե որտեղից է կատարվել ատահոսքը։ Երբ դա վերաբերում է կուսակցական հարցերին, էլի ոչինչ։ Բայց երբ դա վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, այդպես էլ պետք է մնա՞։
Մենք անհանգստացել ենք արտահոսքի պատճառով, հենց որ իմացել ենք այդ մասին։ Մենք չգիտեինք, թե ով է արտահոսքի պատճառը։
Որոշ ժամանակ առաջ դեպքեր եղան, երբ բանակցություններն (Ադրբեջանի հետ- խմբ.) ձախողվեցին, հարաբերությունները սրվեցին նաեւ այն պատճառով, որ մենք, պայմանական ասած, խախտում էինք պայմանավորվածությունները, ինչ-որ բանի մասին բարձրաձայն ասում էինք, իրականացնում էինք արտահոսքեր։ Դրանից հետո գնա եւ ապացուցիր, որ այս խմբակցության անդամը հարցազրույց է տվել կամ ինֆորմացիա տրամադրել ոչ թե միտումնավոր, այլ սխալմամբ»,- նշել է նա։
Սիմոնյանը համոզված է, որ իր հեռախոսում ոչ մի արտառոց բան չեն գտնի, եթե սկսեն քրքրել։
«Եթե Հովիկ Աղազարյանը չի ամաչում, թող հրապարակի իր հեռախոսի ինֆորմացիան»,- ավելացրել է նա։
ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ եթե Աղազարյանը Փաշինյանի խնդրանքով վայր դներ մանդատը, միեւնույն է, չէր կարողանա խուսափել հետեւանքներից։
«Մեկը մյուսի հետ կապ չունի»։ Մանդատը չի փրկի»,-ընդգծել է նա։











