Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:

Միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն:

 Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է նաեւ Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված ընթրիքին: