«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: Մոտ մեկ ժամից ազատության մեջ կլինեն նաեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին, ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: «Ներկա պահին գտնվում եմ ՊԵԿ-ի  քննչական բաժանմունքում: Բայց ինձ բերման են ենթարկել կեղծ ցուցմունքների հիման վրա, որպեսզի ինձ ճնշեն»,-NEWS.am-ին հեռախոսով փոխանցել էր Նարեկ Հարթունյանը, հավելելով, որ իրեն բերման են ենթարկել իր հոր քառասունքի օրը: Դրանից հետո Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 9-ին, կեսգիշերին մոտ երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ: