Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում, այսօր` դեկտեմբերի 13-ին, տոնականորեն բարձրացվել է Պաղեստինի դրոշը: Արարողությանը մասնակցել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը:

Այս արարողությունը, Պաղեստինի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալու շուրջ 20 տարի տեւած երկարատեւ գործընթացի ավարտական փուլն էր:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ինքնավարությունը հոկտեմբերի 31-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մեծամասնության քվեարկությամբ դարձել է կազմակերպության լիիրավ անդամ: Հայաստանը աջակցել է այյդ որոշմանը:

Պաղեստինը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 195-րդ անդամ երկիրը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Վաշինգթոնն ու Թել-Ավիվը սառեցրել են կազմակերպությանն իրենց  ֆինանսավորումը, որը կազմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 5-րդ մասը: Կազմակերպության կարեւորագույն ծրագրերը պահպանելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովը հայտարարել է դոնոր հիմնադրամ ստեղծելու մասին, որը բաց է պետությունների, հասարակական կազմակերպությունների ու մասնավոր անձանց համար: