Ռուս-թուրքական հարաբերություններում կուտակվել են խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն Սիրիային, այլև շատ այլ տարածաշրջանների։ Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների եուսաստանյան խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։

Նա պարզաբանել է, որ Մոսկվան և Անկարան տարբեր մոտեցումներ ունեն ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Աֆրիկյան մայրցամաքի բազմաթիվ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ, և ռուս-ուկրաինական հակասությունների լուծման տարբեր մոտեցումների առնչությամբ դժվարություններ կան։

Նրա կարծիքով, ընդհանուր առմամբ, Էրդողանը Վաշինգտոնում սպասելու է վարչակազմի փոփոխության։

«Նրա դիրքորոշումը մեծապես որոշվելու է նրանով, թե արդյոք նա կարող է սկզբունքային ռազմավարական պայմանավորվածություններ ձեռք բերել Թրամփի հետ: Վերջինս ասել է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, ամերիկյան խնդիր չէ, և նույնիսկ գաղափար կար, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Սիրիայից։ Սա շատ կարևոր է Էրդողանի համար, քանի որ Թուրքիան և ԱՄՆ-ը սիրիացի քրդերի հարցում բարիկադների հակառակ կողմերում են հայտնվել։ Սա երկկողմ հարաբերություններում ամենաէական գրգռիչն է, որը Թուրքիային հնարավորություն չի տալիս ակտիվորեն փոխազդել Վաշինգտոնի հետ»,-հավելել է քաղաքագետը։

Կորտունովը ենթադրում է, որ եթե Թրամփը կարողանա վերացնել այդ նյարդայնացնող գործոնը, Թուրքիան կարող է թեքվել ԱՄՆ-ի կողմը, որից հետո ռուս-թուրքական հարաբերություններում նոր սառեցում կարող է տեղի ունենալ։

«Եվ եթե դա չհաջողվի, ապա թուրքական քաղաքականության մեջ արևելյան վեկտորն էլ ավելի նշանակալից կդառնա»,- ենթադրել է նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Սիրիայի նոր իշխանությանը, նրա գնահատմամբ, որոշակի իմաստով պետք կգա։

Քաղաքագետի կարծիքով՝ Սիրիայի նոր կառավարությունը չի կարող շահագրգռված լինել Անկարայից կախվածության պահպանման մեջ։

«Այստեղ էլ, ամենայն հավանականությամբ, դժվարություններ կլինեն։ Կարծում եմ, որ նոր քաղաքական ռեժիմն ինքնահաստատվելու է թուրքական իշխանություններից որոշակի հեռավորության պահպանելու պատճառով»,-հայտարարել է Կորտունովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը վաղուց եղել է Սիրիայի գլխավոր տնտեսական գործընկերներից և սննդամթերք մատակարարներից մեկը, ինչը կարևոր է Սիրիայի ցանկացած ղեկավարության համար։

«Բացի դրանից, մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվում, այնպես որ, եթե ենթադրենք, որ Սիրիայի նոր կառավարությունը ռացիոնալ կպահի իրեն, ապա նրան ձեռնտու չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ուրիշ բան, որ այդ հարաբերությունները կառուցվելու են նոր հիմքերի վրա, և դեռ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ճակատագիր կունենան Սիրիայում ռուսական երկու ռազմաբազաները»,- ընդգծել է քաղաքագետը։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանն ամբողջությամբ կորցնի Սիրիան, դա էական խնդիրներ կստեղծի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում և կամրապնդի Թուրքիայի դիրքերը։

«Միևնույն ժամանակ, կան մի շարք այլ գործոններ, որոնք կանխորոշում են տարածաշրջանի հիմնական խաղացողների շահագրգռվածությունը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ներկայություն ունենալու հարցում։ Պարսից ծոցի նավթ և գազ արդյունահանող խոշոր երկրների համար կարևոր է պահպանել ՕՊԵԿ+ ձևաչափը՝ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու նավթի և գազի արդյունահանման քվոտաները և փորձելու ազդել ածխաջրածինների համաշխարհային գների վրա:

Չեմ կարծում, թե ամեն ինչ կախված է Սիրիայից, բայց շատ բան կախված է Սիրիայից, և Ռուսաստանի ամբողջական հեռանալը Սիրիայից Մոսկվայի համբավի վրա ևս որոշակի հետևանքներ կունենա։ Դրանք էլ չի կարելի թերագնահատել»,- եզրափակել է քաղաքագետը։