Եվրամիության երկրների բյուջետային քաղաքականության նոր պայմանագիրը, որը ԵՄ 26 երկրների առաջնորդները համաձայնեցրել էին վերջերս ավարտված գագաթաժողովում, կստորագրվի 2012-ի մարտին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության նախագահ Հերման վան-Ռոմպեյը, այսօր հանդես գալով Եվրախորհրդարանում`պարտքային ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ լսումների ժամանակ:

Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված, քանի որ պայմանագիրը պատրաստ են ստորագրել 26 երկրներ: «26 երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել այդ փաստաթղթի նկատմամբ: Նրանք խոստովանել են, որ եվրոն ընդհանուրի հաջողությունն է, ուստի պայմանագիրը կստորագրվի մինչեւ մարտի վերջ»,-ասել է Ռոմպեյը:

Հիշեցնենք, որ սպասվում է, որ նոր ֆինանսական պայմանագիրը կստորագրեն եվրագոտու 17 երկրները, ինչպես նաեւ ԵՄ անդամ 9 երկրներ, որտեղ դեռ շրջանառության մեջ են իրենց ազգային արժույթները: