Ավստրալիայի իշխանությունները հետաքննում են 323 կենդանի վիրուսների անհետացումը, որոնք կորել են 2021թ. կենսալաբորատորիայից։ Այս մասին տեղեկացրել է Քվինսլենդ նահանգի առողջապահության նախարար Թիմ Նիքոլսը։

Նրա խոսքով՝ այս մասին հայտնի է դարձել միայն 2023թ. օգոստոսին, սակայն հետաքննությունն սկսվել է ավելի ուշ, քանի որ լաբորատորիայի աշխատակիցները «այդպես էլ չեն կարողացել տեղեկացնել, թե արդյոք անհետացած նմուշներն առգրավվել են, թե ոչնչացվել»։ «Այդ նմուշներն ինչ-որ տեղ հանձնելու հնարավորոթյունն էլ անհանգստություն է առաջացնում»,- ասել է Նիքոլսը։

Հաստատված տվյալների համաձայն՝  Հենդրա վիրուսի, լիսավիրուսի եւ հանթավիրուսի նմուշները սառնարաններից մեկի փչանալուց հետո լաբորատորիայում տեղադրել են «աշխատող սառցախցիկում, բայց համապատասխան փաստաթուղթ չեն ձեւակերպել»։ Սակայն [կենսանյութերը] կարող էին առգրավվել այդ անվտանգ պահեստարանից եւ կորչել»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ առայժմ ոչ մի վկայություն չկա, որ «նմուշները գողացվել են լաբորատորիայից»։

Նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Ջոն Ջերարդը հայտնել է, որ բնակչության համար  ոչ մի վտանգ չկա։ Նա նշել է, որ վերջին հինգ տարում նահանգի տարածքում «չի հայտնաբերվել Հենդրա վիրուսով, լիսավիրուսով եւ հանթավիրուսով վարակման ոչ մի դեպք»։

Առողջապահության նահանգային նախարարությունում հայտնել են, որ նմուշների անհետացման հետաքննությունը վարվում է գերազանցապես այն նպատակով, որպեսզի կանխվեն նման խախտումները։ «Անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են այն բանից հետո, երբ դրա մասին հայտնի է դարձել։ Հետաքննությունը հաջորդ քայլն է, այն թույլ կտա վստահ լինել, որ նման բան չի կրկնվի»,- ասել է Նիքոլսը։

Հենդրա վիրուսը չղջիկներից փոխանցվող վիրուս է, որն առաջ է բերում մահացու վարակ ձիերի եւ մարդկանց մոտ։ Լիսավիրուսը ՌՆԹ պարունակող վիրուս է, որը ախտահարում է կաթնասուններին, ներառյալ մարդուն։ Հանթավիրուսը բնական-օջախային հիվանդությունների հարուցիչների խումբ է, որոնք ախտահարում են կրծողներին եւ կարող են փոխանցվել մարդուն՝ առաջ բերեով հեմոռագիկ տենդ՝ երիկամային համախտանիշով։