Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ներկա պայմաններում ապահովում է կազմակերպության անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժամանակակից իրողությունների համատեքստում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ «Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկն, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, որն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթություններում:
Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում հանձնաժողովի ջանքերը՝ վերլուծելու դինամիկան և բացահայտելու խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները:
Այս շարունակական աշխատանքը մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը միության երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։ Մենք կարևոր ենք համարում նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա ոչ միայն կհեշտացնի թվային առևտրի ընթացակարգը, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար կստեղծի ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունը ապահովելու ևս մեկ գործիք։
ԵԱՏՄ-ի նպատակներին և խնդիրներին հասնելու տեսանկյունից առանցքային տարր էր համագործակցության նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։
Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ և ճիշտ մոտեցմամբ կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական ոլորտների ստեղծմանը և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։ Մենք նպաստում ենք այս մեխանիզմի հնարավորությունների իրազեկմանը` նպատակ ունենալով Հայաստանից ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային համագործակցության նախագծերին:
Մեր երկրի արդյունաբերական ներուժը, այդ թվում՝ ոսկերչության և դեղագործության, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտները, զարգացման զգալի հեռանկարներ ունեն այլ երկրների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։ Ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար Երևանն աջակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկն ընդլայնելու և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկին, ինչը լրացուցիչ հնարավորություններ կբացի և կարագացնի համատեղ նախաձեռնությունների իրականացման գործընթացը»:





























