Ապագայի ռոբոտները, հնարավոր է, կարողանան պարզել, թե ինչ է զգում մարդը՝ դիպչելով նրա մաշկին: Նոր հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են մաշկի հաղորդունակությունը՝ չափիչ, որը ցույց է տալիս, թե որքան լավ է մաշկը փոխանցում էլեկտրականությունը, որպեսզի գնահատեն 33 մասնակիցների զգացմունքները, որոնց ցուցադրվել են էմոցիաներ առաջացնող տեսանյութեր:
Քանի որ մաշկի հաղորդունակությունը փոխվում է քրտնելու ժամանակ, նրանք կապ են գտել այս չափումների և տեսանյութերի միջև, որոնք վախի, զարմանքի և «ընտանեկան հույզերի» զգացողություններ են առաջացրել, ինչը մաշկի հաղորդունակությունը իրական ժամանակում զգացմունքների փոփոխությունների որոշման ճշգրիտ մեթոդ է դարձնում:
Ֆիզիոլոգիական այլ ազդանշանների համակցմամբ, ինչպիսիք են սրտի հաճախության և ուղեղի գործունեության մոնիտորինգը, մաշկի հաղորդունակությունը կարող է կենտրոնական դեր խաղալ էմոցիոնալ ինտելեկտուալ սարքերի և ծառայությունների զարգացման գործում, բացատրում են գիտնականները IEEE Access ամսագրում հրապարակված հոդվածում:
«Այսօրվա դրությամբ սակավաթիվ ուսումնասիրություններում են հետազոտվել, թե ինչպես է մաշկի հաղորդունակության արձագանքների դինամիկան տարբերվում զգացմունքներից կախված, չնայած այն հանգամանքին, որ բարձր զգայունությունը մաշկի հաղորդունակության հիմնական հատկանիշն է, - ասում են հետազոտողները:- Ակնկալվում է, որ այս ուսումնասիրության արդյունքները կնպաստեն տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք կարող են օգտագործվել ֆիզիոլոգիական այլ ազդանշանների համակցությամբ էմոցիաները ճշգրիտ գնահատելու համար»:





























