Կառավարության այսօրվա` դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգից հանվել է «Դիլիջան» Ազգային պարկի մի հատվածը ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեին հատկացնելու հարցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիլիջան» ազգային պարկի մի հատված` 22.5 հա-ի չափով, կտրվի ՊԵԿ-ին` սեմինարների, վերապատրաստումների ու հանգստի կազմակերպման նպատակով:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշման մասին շատ բան ասել չի կարող, քանի որ այն ներկայացվել է բնապահպանության նախարարության կողմից: Սակայն նշեց, որ ՊԵԿ-ը Դիլիջանում կառուցում է շինություն` սեմինարների անցկացման նպատակով, իսկ «Դիլիջան» Ազգային պարկի այդ հատվածն անմիջապես հարում է այդ շինությանը: «Հանգստի ավելի լավ կազմակերպման, կամ անվտանգության նկատառումներով հավանաբար այդպիսի որոշում է կայացվել, դա ընդամենը գոտի է»,- ասաց Ա. Ալավերդյանը:




























