Լենինգրադի մարզում սկսվել է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը «Իգորա» հանգստավայրում։ Մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ եվրասիական «հնգյակի» նրա գործընկերները։

Նիստերը կկայանան նեղ եւ ընդլայնված ձեւաչափերով։ Կքննարկեն ԵԱՏՄ-ում հետագա ինտեգրման հարցերը։ Այդ թվում խոսքը կվերաբերի պատնեշների եւ սահմանափակումների վերացմանը ներքին շուկայում, օրենսդրության համապատասխանեցմանը ֆինանսական ոլորտում, ծառայությունների միասնական շուկայի լիբերալացմանը։ Եվս մեկ թեմա կլինի գազի, նավթի, եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ձեւավորումը։

Ղեկավարները կհաստատեն ԵԱՏՄ 2025թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ կազմակերպության բյուջեն։ Գագաթաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել ավելի քան 20 կարեւոր փաստաթուղթ։ Դրանց թվում է Եվրասիական տնտեսական միությունում Իրանին դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշումը։

2025թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահի պաշտոնը Երեւանից անցնում է Մինսկին։ Սպասվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի 2025թ. իր նախագահության առաջնահերթությունները։