Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ եւ անվտանգությամբ եւ կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի մեղադրանքները միմյանց հասցեին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։ «Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության եւ անվտանգության մթնոլորտ Կովկասում։ Մենք մեր լավ հարաբերություններն ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, եւ մենք կարեւորում ենք այդ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի հետագայում զարգացնենք այդ հարաբերությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս [անցած] օրերին շփումներ չեն եղել»։




























