Շատ կարեւոր է շեշտել, որ Ադրբեջանը երբեւէ չէր պատրաստվում խաղաղության, այլ պատրաստվում էր պատերազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատող, միջազգայնագետ  Սերգեյ Մելքոնյանը:

«Բայց պատերազմը հնարավոր է հետաձգել, միայն միակողմանի զիջումներով փաստացի։ Հիմա Ադրբեջանը առանց որևէ քայլի, միայն հայտարարություններով ստացավ Հայաստանի կողմից մի հատ նոր միակողմանի զիջում՝ ԵԱԿ-ի Մինսկի խմբի լուծարումը։ Ինչո՞ւ էր Ադրբեջանի համար դա կարևոր, որովհետև նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի օրակարգում կար Արցախի կարգավիճակի հարցը։ Հետևաբար Ալիևի համար շատ կարևոր էր ֆիքսել նոր ստատուս քվոն բոլոր հարթակներով, ներքին հարթակներով, անցկացնելով ընտրություններ օկուպացված Արցախի տարածքում, և նաև լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ասաց նա:

Մելքոնյանը նկատեց, որ փաստացի Ալիևը իր վերջին հայտարարություններում նշեց կոնկրետ պահանջներ, որը կարելի է երկու բլոկի բաժանել. «Առաջին բլոկը պահանջներ են, որպեսզի պատերազմ չլինի, և երկրորդ բլոկը, որպեսզի իբր թե, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Որպեսզի չլինի պատերազմ, երկու շատ կոնկրետ նախապայման կա։ Առաջինը, Հայաստանը պիտի կասեցնի իր զենքի գնման գործընթացը, և այն զենքերը, որ Հայաստանը գնել է, արդեն պիտի հետ տա: Փաստացի ապառազմանականացման օրակարգ է առաջ մղում Ադրբեջանը, որ Հայաստանը ընդհանրապես որևէ բանակ, զենք, զինամթերք չպիտի ունենա։ Եվ երկրորդ հարցը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որ Հայաստանը պիտի տրամադրի միջանցքը: Ոչ թե կոմունիկացիան, այլ միջանցքը, որը Հայաստանը խոստացել էր պատերազմից հետո, 2020-ի պատերազմից հետո, նաև մի շարք պայմաններ, որպեսզի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ավելի մոտ լինի։

Նախ, որևէ ԵՄ դիտորդական առաքելություն չպիտի լինի Հայաստան-Ադրբեջան սահմանին, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի և Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը։ Այս պահանջներից մեկը Հայաստանը փաստացի ցույց տվեց, որ պատրաստ է կատարել: Երկրորդ պահանջը՝ Սահմանադրության մասին, Հայաստանը արդեն քայլեր է ձեռնարկել, նշելով, որ 2027 թվին կփոխվի Սահմանադրությունը:

Փաստացի օրակարգում մնաց ԵՄ դիտորդական առաքելության հարցը»,-ասաց նա:

Սերգեյ Մելքոնյանի խոսքով, ակնհայտ է, որ բոլոր քայլերով Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի. «Զենքի և զինամթերքի մատակարարումը Իսրայելից Ադրբեջան կտրուկ աճում է: Հարձակվողական բնույթ կրող զորավարժությունների քանակը  Թուրքիայի, Պակիստանի հետ համատեղ, էլի աճում են: Վերջին վեց ամսվա ընթացքում որևէ լարված իրավիճակ սահմանում չէր եղել, իսկ հիմա առաջին անգամ Ադրբեջանի ՊՆ-ն երկու անգամ հայտարարեց, որ սահմանում լարված իրավիճակ է տեղի ունեցել։ Այսինքն էսկալացիայի աստիճանը գնալով աճում է»,- հայտարարեց միջազգայնագետը:

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը, նա ընդգծեց. «Ալիևին հաջողվեց ստեղծել միջազգային կոնսենսուս, այսպես կոչված, միջանցքի շուրջ, որովհետև մենք տեսնում ենք, ինչպես Ադրբեջանին հաջողվեց ներգրավել Ռուսաստանին այս օրակարգ, ցույց տալով, որ այս կոմունիկացիան իրենց ձեռնտու է: Զուգահեռ մենք լսում էինք հայտարարությունները ԱՄՆ-ից, որ այո, ԱՄՆ-ի համար շատ կարևոր է ունենալ կոմունիկացիա Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Կասպից ծով-Կենտրոնական Ասիա։ Անշուշտ խոսքը, այսպես կոչված, Զանգեզուր միջանցքի մասին է։ Սա կոչվում է միջազգային կոնսենսուս, երբ բոլոր կողմերին դու կարողանում ես ինչ-որ ձևով շահագրգռել և միավորել այս օրակարգի շուրջ: Հիմա կապ չունի, թե ով է վերահսկելու այս տարածաշրջանը, որովհետև բոլորին պարզ է, որ առաջին հերթին այս տարածաշրջանը, այսպես կոչված, միջանցքը և Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության ներքո կլինի։

Եվ այո, այս հայտարարությունները իրենք սպասվող էսկալացիայի կամ պատերազմի փաստացի անոնս են։ Հետևաբար այդպիսի հայտարարություններով, որոնք երկար ժամանակ փորձում էին, ինչպես օրինակ, 1938-1939 թվականներին Հիտլերին ինչ-որ ռեվերանսներ էին անում, որ պատրվակ չտային Գերմանիային հարձակվել, փաստացի չաշխատեցին, որովհետև երբ որ դրված է քաղաքական նպատակ՝ սկսել պատերազմ տարածքներ ստանալու համար, որևէ ռեվերանսով և միակողմանի զիջումով ագրեսորին երբեք չես կարող կանգնեցնել»,-ասաց նա:

Սերգեյ Մելքոնյանը նաեւ անթույլատրելի համարեց նույն մակարդակի վրա դնել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանը», որը աշխարհաքաղաքական ինժեներիայի պրոդուկտ է և Արևմտյան Հայաստանը, որը պատմական տարածք է և դա նաև ֆիքսված է տարբեր միջազգային փաստաթղթերում։

«Օրինակ, 1995 թվի Ռուսաստանի պետական դումայի որոշմամբ, որը դատապարտում է ցեղասպանությունը, շատ կոնկրետ նշում է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում: Յուրաքանչյուր պատմաբանը կհաստատի, որ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» հասկացողություն երբևէ պատմական փաստաթղթերում չկա:

Երկրորդը, Հայաստանը երբեք «արևմտյան Հայաստան» տերմին չէր օգտագործել։ Հետևաբար, նույնիսկ դժվար է մեկնաբանել, թե ինչու մենք հիմա փորձում ենք համեմատել Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները և Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները:

Եվ երրորդը, երբ որ Հայաստանում փորձում են հակադրել պատմական և իրական Հայաստանը, Ադրբեջանում ընդհակառակ, շերտը դնում են կեղծ պատմական դիսկուրսի վրա, որպեսզի հիմքեր ստեղծեն հարձակման համար: 

Հայաստանի միակողմանի զիջումը այս հարցում, ինքը շատ մեծ խնդիրներ է բացում, օրինակ, դա նշանակում է, որ արևմտահայերեն լեզու գոյություն չունի»,- հայտարարեց միջազգայնագետը: