Շվեդիայի եւ Լիտվայի միջեւ գտնվող NordBalt ստորջրյա մալուխի մոտ հայտնաբերվել են չինական «Yi Peng 3» բեռնանավի խարսխի հետքերը: Այս մասին հայտարարել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։

«Այսօր մենք կարող ենք տեղեկացնել. պարզվել է, որ խարսխի հետք կա, հավանաբար, Yi Peng 3-ից, NordBalt մալուխից ոչ հեռու, Շվեդիայի եւ Լիտվայի միջեւ», - նախարարին մեջբերել է SVT հեռուստաալիքը: «Սա վկայում է այն իրավիճակի լրջության մասին, որում մենք հայտնվել ենք»:

Նա չի մեկնաբանել, թե արդյոք չինական բեռնանավը մտադիր էր կտրել մալուխները ծովի հատակին. «Մենք կարող ենք եզրակացնել, որ եթե խարիսխը քաշեք 150 կիլոմետր հեռավորությամբ, ինչը հավանաբար տեղի է ունեցել այս դեպքում, ապա դա շատ բան է ասում այն մասին, որ սա, համենայն դեպս, կարելի էր նկատել»։

Շվեդիայի կառավարության տվյալներով՝ Բալթիկ ծովում կտրուկ ավելանում է մալուխների վնասման թիվը։ Սակայն դեռեւս չի հաջողվել հստակ որոշել, թե արդյոք սա դիվերսիա է, ասել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Կլաեսոնը։ Նրա խոսքով՝ երեւի թե ոչ ոք երբեք չի իմանա, թե ով է կանգնած դրա հետեւում։ «Դա, իհարկե, դժվար կլինի»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ հնարավոր չէ բացահայտել մեղավորին, «որովհետեւ չկան բավարար տեղեկատվություն, ապացույցներ կամ որեւէ այլ բան, որը կմատնանշի կոնկրետ կատարողին»։

Ընդ որում՝ նա նշել է. «Եթե ապացույցների շղթա կառուցեք եւ նայեք, թե որ սուբյեկտները ինչ շահեր ունեն, պարզ կդառնա, որ շատ բան մատնանշում է Ռուսաստանին»։

Դեկտեմբերի սկզբին, Ֆինլանդիայում մալուխի խզման հերթական հաղորդումից հետո, Կառլ-Օսկար Բոլինն ասել էր, որ Ֆինլանդիայի ոստիկանությունը հետաքննում է հնարավոր դիվերսիայի նոր դեպքը։ Սակայն Սուոմիի իրավապահները ստիպված են եղել հերքել դա. նրանք պարզել են, որ մալուխը վնասվել է էքսկավատորից։