Քանի դեռ ՀՀ իշխանությունները քաղաքական և իրավական արդյունավետ միջոցներ չեն կիրառում, ինչ էլ մենք անենք գերիների հարցում, մեծ արդյունք չի տալու: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մեր այս ակցիաներն ուղղված են նաև ՀՀ իշխանություններին ճնշելուն, որ հանրային պահանջ կա: Իրենք պետք է առավելագույնս տեր կանգնեն մեր պատանդներին, որոնք բոլորիս են ներկայացնում»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հղած ուղերձին՝ Բեգլարյանն ասաց, որ այն շատ սպասելի էր. «Լավ է, որ պարոն Վարդանյանը կարողացել է այդ ուղերձը հղել, հանգամանքները ներկայացնել, որը նշանակում է, որ ինչ կատարվում է, կեղծ է՝ բոլորի պարագայում: Սա մեզ լրացուցիչ հիմքեր է տալիս, որ ալիևյան ռեժիմի հանդեպ ճնշումները պետք է մեծանան, բայց այդ ճնշումը կմեծանան, եթե ՀՀ իշխանությունները այդ քաղաքական կամքը կունենան: Միջազգային կառույցները շատ ուղիղ ասում են, եթե ՀՀ օրակարգում այդ հարցը չկա, դուք ի՞նչ եք մեզանից ուզում, սա հստակ ուղերձ է բոլորիս»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։











