Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը փորձարկումներ է անցկացնում հեռանկարային ուղղորդված ճառագայթման ռադիոհաճախականային զենքի (RFDEW) հետ, որը նախատեսված է ԱԹՍ-ների դեմ պայքարի համար։

Նախագծի հեղինակներ Թագավորական հրետանու փորձարկումների և մշակումների ստորաբաժանումը և ՀՕՊ-ի 7-րդ խումբը արդեն հաշվետվություն են ներկայացրել Հարավային Ուելսում համակարգի հաջող փորձարկման մասին, հաղորդում է Техкульт-ը։ RFDEW-ի առանձնահատկությունն այն է, որ հիմնական խոցող գործոնը հզոր ուղղորդված ռադիոիմպուլսներն են, որոնք շարքից հանում են ԱԹՍ-ների բորտային էլեկտրոնիկան։

Ի տարբերություն լազերային համակարգերի, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը առանձին դրոնների դեմ պայքարում, RFDEW-ն կարող է միանգամից խոցել ԱԹՍ-ների ամբողջ խմբեր։ Այսպես, փորձարկումների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումները հաջողությամբ հայտնաբերել և խոցել են խմբային թիրախներ մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Մեկ այլ առանձնահատկություն է՝ RFDEW-ի յուրաքանչյուր «կրակոցի» արժեքը, որը կազմում է ընդամենը 13 ցենտ։ Համակարգը լիովին ավտոմատացված է, աչքի է ընկնում ճշգրտությամբ, արդյունավետությամբ և ցածր գնով։ Այն կարող է կառավարել մեկ մարդ, իսկ տեղադրել կարելի է ցանկացած տրանսպորտային հարթակի վրա։