ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են Արծաթե աստղով հետմահու պարգեւատրել 1960 թվականին ԽՍՀՄ տարածքում խփված հետախույզ-օդանավի օդաչու Ֆրենսիս Գերի Փաուերսին: Արծաթե աստղը ԱՄՆ-ում իր նշանակությամբ 3-րդ պարգեւն է, որը տրվում է թշնամու դեմ արիություն ցուցաբերելու համար:
Ըստ ամերիկյան զինված ուժերի, Փաուերսը պարգեւի է արժանացել «սովետական քննիչների դաժան հարցաքննությունների ժամանակ ցուցաբերած արիության» եւ «կեղծիքի, ինտրիգների, վիրավորանքների ու մահվան սպառնալիքների առաջ չընկրկելու» համար:
«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը պատմում է, թե ինչպես են բռնել Փաուերսին: Հետախույզ-օդանավը խփվել է 1960 թվականի մայիսի 1-ին: ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դուայթ Էյզենհաուերը հայտարարել է, որ Փաուերսը պարզապես մոլորվել է, բայց ԽՍՀՄ-ը հերքել է այդ պնդումները, որպես ապացույց ներկայացնելով օդաչուի ցուցմունքները: 1962 թվականին Փաուերսին փոխանակել են ռուսական հետախույզ Վիլյամ Ֆիշերի հետ, ով հայտնի է Ռուդոլֆ Աբել անվամբ:




























