Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գալիք 2012թ-ին եւս մտադիր է շարունակել բարեփոխումները:
Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նա կիսվեց իր ծրագրերով: Այսպես, նախատեսվում է 10 տոկոսով կրճատել դատավորների կողմից գործերի քննության ժամկետները, միջոցառումներ կձեռնարկվեն համակարգի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու, դատական ակտերի բողոքարկման տոկոսը նվազեցնելու, փաստաբանական ինստիտուտի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ամփոփելով 2011թ. արդյունքները` Թովմասյանը նշեց, որ խոստացվածի մի մասը հաջողվել է իրականացնել, մի մասը` դեռեւս ոչ: «Որոշ խնդիրներ հնարավոր չէ լուծել մեկ տարվա ընթացքում, որոշներն էլ չեն լուծվում եղած պոտենցիալի անբավարարության պատճառով»,-արձանագրեց Թովմասյանը:
Ձեռքբերումների շարքում նա նշեց իրավաբանական անձանց գրանցման գործընթացի պարզեցումը: Այս հարցում Հայաստանին հաջողվել է գերազանցել անգամ Սինգապուրին. եթե այնտեղ իրավաբանական անձը կարող է գրանցվել կես ժամվա ընթացքում, ապա Հայաստանում` 10 րոպեում, եւ նույնիսկ` տնից:
Հանրահավաքների անցկացման մասին օրենքում փոփոխությունները, ըստ նախարարի, թույլ տվեցին խուսափել հասարակությունում լարվածությունից: Բավականին բարելավել է նաեւ ՔԱԿԳ-ների աշխատանքը. եթե նախկինում ամուսնությունների գրանցումը խլում էր 1-3 ամիս, ապա այսօր` 10 օր:
Ընդհանուր առմամբ, ըստ Թովմասյանի, օրենքից պետք է վերացնել բյուրոկրատական պահերը. «Շատ ընթացակարգեր հիշեցնում են խորհրդային շրջանի հայտնի անեկդոտը` տեղեկանք տվեք, որպեսզի ձեզ տեղեկանք տանք»,-նշեց նախարարը` ավելացնելով, որ իրավիճակը հեռու է իդեալականից, սակայն ավելի լավ է, քան նախկինում:




























