Լոնդոնում նոր շքեղ DSTRKT սրճարան է բացվել, որտեղ Եվրոպայի ամենաթանկ սուրճն են վաճառում: Մուսանգ գազանիկի մարսողական համակարգով անցած սուրճի հատուկ հատիկներից պատրաստված առույգացնող ըմպելիքի մեկ գավաթն արժե 110 դոլար: Այն 35 անգամ գերազանցում է մնացած հաստատություններում մատուցվող սուրճի արժեքը: Նման սուրճ Եվրոպայում միայն Փարիզի հայտնի «Ռիտց» հյուրանոցում է մատուցվում:

Այսքան բարձր գնի պատճառը Ինդոնեզիայից ներկրված «Կոպի Լյուվակ» տեսակի սուրճի հատիկներն են: Դրանք մուսանգի` փոքրիկ գիշատիչ գազանիկի մարսողական համակարգով անցած հատիկներ են:

Կաթնասուն կենդանու օրգանիզմն ի վիճակի չէ ամբողջությամբ մարսել հատիկները: Արդյունքում մարսողական համակարգով անցած հատիկները խանդավառությամբ հավաքում են տեղի բնակիչները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մասնագետները հավաաստիացնում են, որ նման «մշակում անցած» հատիկները յուրահատուկ բույր ունեն, որը դրանց հաղորդում է մուսանգի ստամոքսահյութը: Լվանալուց եւ չորացնելուց հետո դրանք ուղարկվում են աշխարհի ամենաշքեղ ռեստորաններ եւ սրճարաններ:

DSTRKT-ը հատիկները ներկրում է ինդոնեզական հատուկ Սումատրա կղզուց, որտեղ դրանց տարեկան արտադրությունը հազիվ մեկ կիլոգրամ է կազմում: Ամեն մի չափաբաժինը պատրաստելիս 7 գրամ «Կոպի Լյուվակ» հատիկ է օգտագործվում: