Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ռազմական ոստիկանության աշխատակիցների ու ցուցարարների միջեւ դեկտեմբերի 16-17-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 360 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:
Անկարգությունները սկիզբ են առել դեկտեմբերի 16-ի երեկոյան եւ մինչ այժմ շարունակվում են կառավարության շենքի եւ Թահրիրի հրապարակում: ՆԳՆ-ն կալանավորում է բախումների մասնակիցներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանությունը եւ ՆԳՆ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կահիրեի կենտրոնական հատվածը, որտեղ տեղի են ունեցել բախումները, փողոցը շրջափակված է մետաղական արգելապատնեշներով: Սակայն խռովությունները դեռ շարունակվում են:
Տարբեր տեղեկությունների համաձայն` բախումներն սկսել են կա’մ ոստիկանների կողմից մասնակիցներից մեկի ձերբակալման հետեւանքով, կա’մ ցուցարարներից մեկի` ոստիկանի վրա հարձակվելուց հետո:
Ականատեսները վկայում են, որ խռովությունների ընթացքում հրազեն է կիրառվել: Միեւնույն ժամանակ Եգիպտոսում ղեկավարող Զինված ուժերի Գերագույն խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքել է զինծառայողների կողմից հրազեն կիրառելու մասին լուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























