ԵՄ-ն այլ մաքսային միության անդամ երկիր չի ընդունի, եթե ուզում ես դառնալ ԵՄ անդամ, չես կարող այլ միության անդամ լինել։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումից հետո ասել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարը։
«Եթե երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և բավարարում է պահանջները, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Իսկ Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների այցը Հայաստան լավ ազդանշան է»,- հավելել է նա։
«Շատ դժվար ու երկար ճանապարհ է։ Հայաստանը մոտենում է Եվրոպային, մենք դա ընդունում և ողջունում ենք։ Շատ կարևոր է քաջություն դրսևորել այս ճանապարհին»,- ընդգծել է նա։
Էստոնիայի խորհրդարանի խոսնակը խոստովանել է, որ իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու փորձը հեշտ չի եղել, սակայն վստահեցրել է, որ արդյունքն արժե դրան։
«Եվրամիությանն անդամակցելուց հետո Էստոնիայում կյանքի որակն աճել է ավելի քան երեք անգամ», - եզրափակել է նա:











