Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ մշակող Perplexity AI ընկերությունը հանդես է եկել նոր առաջարկով՝ միավորվելու կարճ տեսանյութերի ստեղծման եւ դիտման TikTok ծառայությանը, որը ենթադրում է NewCo հոլդինգային ընկերության ստեղծում։ Այս մասին կիրակի հայտնել է CNBC հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ Perplexity AI-ն արդեն նոր պայմաններն ուղարկել է ինչպես TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերությանը, այնպես էլ պոտենցիալ ներդրողներին։ Նոր հոլդինգի՝ NewCo.-ի ստեղծումից բացի՝ առաջարկը թույլ կտա ԱՄՆ կառավարությանը ունենալու հարթակի բաժնեթղթերի 50 տոկոս մասնաբաժինը:

Perplexity AI-ն առաջին անգամ հայտնել է TikTok-ը ձեռք բերելու ցանկության մասին հունվարի 19-ին։ Նախնական առաջարկը թույլ կտար TikTok-ի բաժնետերերին պահպանել իրենց բաժնեթղթերը եւ Կալիֆոռնիայում գործող Perplexity AI-ին ծառայության տեսանյութերի հասանելիություն տրամադրել: Այժմ ենթադրվում է, որ TikTok-ի բաժնետերերը կկարողանան բաժնեթղթեր ստանալ նոր հոլդինգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտնել էր, որ մտադիր է առաջիկա 30 օրվա ընթացքում որոշում կայացնել ԱՄՆ-ում TikTok-ի ճակատագրի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ քննարկում է TikTok-ի ձեռքբերման հարցը «շատ ազդեցիկ մարդկանց հետ»։ Թրամփի խոսքով՝ այս սոցցանցի պահպանումն ամերիկացի օգտատերերի համար ԱՄՆ-ի համար շահավետ կլինի տնտեսական տեսանկյունից։