Շատ հետաքրքիր է, որ թմրավաճառությունից խոսում է Տիգրան Ավինյանը. Դա ինձ մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց այդ հարցերը ես կթողնեմ իրավապահներին: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի եւ վարչության անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Երեւանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը իրենց քաղաքական հակառակորդներին անվանել է «քաղաքական թմրավաճառներ», որոնք տրանսպորտի թանկացմանը բոյկոտի կոչեր են անում:
«Մենք չենք ասում, որ տրանսպորտի սակագները երբևիցե չպետք է թանկանան, եթե երկրում կա ընդհանուր առմամբ գնաճ, ամեն ինչ պետք է ինչ-որ չափով խելամիտ տնտեսական հիմնավորում ունենա։ Խնդիրն այն է, որ տրանսպորտի սակագները չեն կարող եռապատիկ թանկանալ, դրանում հիմք չկա: Անցած տարի Հայաստանում գնաճը կազմել է 0,5%, եւ նման գնաճի պայմաններում 200% տրանսպորտի թանկացում չի կարող լինել:
Երկրորդը, եթե նույնիսկ կա հիմնավորում, որ մենք ավելի ժամանակակից տրանսպորտ ենք բերում, այդ հաշվարկները ոչ մեկ չի տեսել, որպեսզի հասկանան դրա պայմաններում ինչքան դա պետք է արժենա։ Երրորդը, ակնհայտ է, որ նախկինում այդ համակարգում եղել է կոռուցիա, բազմաթիվ վատնումներ, ուստի տրանսպորտային համակարգի տնտեսական մոդելը ոչ մեկ չի հասկանում մինչև վերջ, որ հասկանանք՝ դա հիմնավորված է թե հիմնավորված չէ:
Եվ չորրորդը, քաղաքային տնտեսությունը համակարգ է որը ունի եկամուտի տարբեր աղբյուրներ, օրինակ գովազդային վահանակները, օրինակ կարմիր գծերը, քաղաքային սեփականությունը որը հանձնվում է վարձակալության: Երբ կարմիր գծերը այս տարի թանկացվեցին, մենք դուրս չեկանք, չասեցինք բոյկոտ արեք: Բայց հանրային տրանսպորտի թանկացումը խփում է առաջին հերթին սոցիալապես անապահով մարդկանց։ Սա հակասոցիալական է, հակաժողովրդական է»,-հայտարարեց Չալաբյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ուղեվարձի թանկացման դեպքում ստվերը այդ ոլորտում էլ ավելի կմեծանա: «Թանկանալու դեպքում ստվերը կմեծանա, կմեծանա, որովհետև էլ ավելի մեծ քանակությամբ քաղաքացիներ հակված կլինեն չվճարելու: Այսինքն իրենք գնացել են այն ճանապարհով, որը բացարձակ չհաշվարկված է, իրենք չեն մտածում, թե հանրային արձագանքը ինչպիսին կլինի, իսկ հանրային արձագանքը, ինչպես տեսնում եք, մերժողական է»,-ասաց նա:





























