ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունը հաջորդ շաբաթ կներկայացնի նոր արհեստական ինտելեկտի (AI) նախագիծ, որը կգերազանցի չինական DeepSeek չաթ-բոտին։
Թրամփը նշել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում չինական նախագծի ուժեղ կողմերի մեջ։ «Ես կարծում եմ, որ դա կարող է լավ լինել, եթե էժան լինի, այն նաեւ մեզ համար օգտավետ կլինի։ Արդեն հաջորդ շաբաթ այլ մարդիկ պատրաստվում են հայտարարել արհեստական բանականության տարբեր լուծումների մասին, որոնք կգերազանցեն DeepSeek-ին»։
Թրամփը վստահ է, որ Միացյալ Նահանգները չի կորցնի իր տեխնոլոգիական առաջատարությունը. «Ոչ, մենք գերիշխելու ենք։ Մենք գերիշխելու ենք ամեն ինչում»։
DeepSeek-ը հայտնել է, որ իր հանրահայտ հավելվածը կիբեռհարձակման է ենթարկվել երկուշաբթի՝ հունվարի 27-ին, ինչը չինական ընկերությանը ստիպել է ժամանակավորապես սահմանափակել գրանցումները:
Պարզվել է, որ DeepSeek-ը ավելի արդյունավետ է, քան մրցակիցները, քանի որ աշխատում է ոչ այնքան հզոր եւ էժան չիպերով: Տեխնոլոգիական ընկերությունների բաժնեթղթերի էժանացումը հանգեցրել է կրիպտոարժույթների գնի անկման: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, DeepSeek հավելվածը զբաղեցրել է առաջին տեղը Apple App Store-ի լավագույն անվճար հավելվածների վարկանիշում, ինչպես նաեւ դարձել է ամենաշատ ներբեռնվողներից մեկը Google Play-ում։
Nvidia-ի բաժնեթղթերն էժանացել են, երեկ Nvidia-ի վատագույն օրն էր շուկայում 2020թ. մարտի 16-ից ի վեր, ինչը հանգեցրել է շուկայական կապիտալացման մոտ 600 մլրդ դոլարի կորստի: ԱՄՆ մասնավոր ընկերությունների ընդհանուր արժեքը մեկ օրում նվազել է ավելի քան 1 տրլն դոլարով։




























