Մարտ ամսվա ռուսական նավթի առևտուրն ու բեռնափոխադրումները Ասիայի երկրներում, որոնք հանդիսանում են խոշորագույն գնորդներ, կասեցվել են, քանի որ Չինաստանում առաջացել է մեծ գնային տարբերություն գնորդների և վաճառողների միջև՝ ԱՄՆ պատժամիջոցներից չտուժած տանկերների վարձակալման արժեքի կտրուկ աճից հետո։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով առևտրականների և նավագնացական ընկերությունների տվյալներին:
Հունվարի 10-ին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական նավթի մատակարարման շղթայի դեմ, ինչը հանգեցրեց տանկերների վարձակալության դրույքաչափերի կտրուկ աճի, և Չինաստանի ու Հնդկաստանի որոշ գնորդներ և նավահանգիստներ սկսեցին խուսափել պատժամիջոցների տակ ընկնող նավերից:
Իրավիճակին ծանոթ երեք առևտրականներ գործակալությանը հայտնել են, որ ESPO Blend մակնիշի ռուսական նավթի մարտյան մատակարարման առաջարկները, որն արտահանվում է Կոզմինո խաղաղօվկիանոսյան նավահանգստից, թռիչքային աճ են գրանցել՝ հասնելով բարելի դիմաց 3-5 դոլարի, երբ Aframax տանկերի վարձակալության դրույքաչափերը երթուղում աճել են մի քանի միլիոն դոլարով:
Մինչև հունվարյան պատժամիջոցները կայուն ձմեռային պահանջարկը և Իրանից մրցակից նավթի տեսակների գների բարձրացումը հանգեցրել էին նրան, որ Չինաստան մատակարարվող ESPO Blend հում նավթի առաջարկվող հավելավճարները աճել էին մինչև մեկ բարելի դիմաց գրեթե 2 դոլար, ինչը 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ամենաբարձր ցուցանիշն էր, որից հետո զեղչերը հասել էին 6 դոլարի՝ գրում է լրատվամիջոցը:
Անցյած շաբաթ Հնդկաստանի Bharat Petroleum Corp Ltd-ի ֆինանսական տնօրենը Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը մարտին չի ստացել նոր մատակարարման առաջարկներ, ինչպես սովորաբար լինում էր, և ակնկալում է, որ մարտին առաջարկվող խմբաքանակները կնվազեն հունվարի և դեկտեմբերի համեմատ: Հնդկաստանը սովորաբար ռուսական նավթի գնման առաջարկներ է ստանում յուրաքանչյուր ամսվա կեսին: Ռուսական նավթը կազմել է Հնդկաստանի ներմուծման 36%-ը և Չինաստանի ներմուծման գրեթե մեկ հինգերորդը 2024 թվականին:
Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ վերջին պատժամիջոցներն ուղղված են այն տանկերների դեմ, որոնց բաժին է ընկնում ռուսական ծովային նավթի արտահանման մոտ 42%-ը, հիմնականում դեպի Չինաստան, թեև պատժամիջոցների տակ ընկնող տանկերները աստիճանաբար բեռնաթափվում են Չինաստանում և Հնդկաստանում պատժամիջոցների չեղարկման ժամանակահատվածում: ԱՄՆ-ն պարզաբանել է Հնդկաստանին, որ պատժամիջոցների համաձայն՝ ռուսական նավթով բեռնված տանկերները պետք է բեռնաթափվեն մինչև փետրվարի 27-ը։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Հնդկաստանի նավթի նախարար Պանկաջ Ջայնը: Նա ավելացրել է, որ տուժած նավերի վրա գտնվող նավթի համար վճարումները պետք է կատարվեն մինչև մարտի 12-ը:
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ Չինաստանում վերջերս պատժամիջոցների ենթարկված տանկերները բախվում են նավթի բեռնաթափման ուշացումների՝ չնայած պատասխանատվությունից ազատման պահանջները բավարարելուն:





























