23-ամյա Էրիկ Մկրտչյանը 44–օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորում վիրավորում է ստացել և արդեն 5 տարի է՝ «Զինվորի տանը» վերականգնողական բուժում է ստանում։ NEWS.am–ի հետ զրույցում Էրիկը պատմում է.

«Լավն այն էր, որ ինձ միայնակ չէի զգում, հասկացա, որ ինձ նման էլի տղաներ կան, ու միասին ինտեգրվեցինք կյանքին»։  

Մինչեւ ծառայության մեկնելն Էրիկը ավտոմեխանիկ դառնալու մասին էր երազում։ Նոր պայմաններում նպատակները փոխվել են, զինվորի տանը գրաֆիկ դիզայն է սովորել, իսկ հիմա արդեն աշխատանք է փնտրում։  

«Պատերազմից հետո ամենադժվարը գիտակցելն էր, որ այսուհետ սայլակով եմ տեղաշարժվելու։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ դեպի լավը գնաց, հիմա արդեն նման բարդություններ չկան։ Հիմա երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ, որ կարող էր ավելի վատ լինել, քան կա»,-պատմում է նա։

«Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի խոսքով, Հայաստանում զինվորական հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար 500 քաղաքացի կա, 44-օրյա պատերազմի հետևանքով հազարից ավելի երիտասարդներ հաշմանդամություն են ձեռք բերել։ 

«Զինվորի տան մահճակալային ֆոնդը հասնում է 90–ի, խոսքը ստացիոնար մահճակալների մասին է, որոնք միշտ լիքն են։ Ամեն ամիս շուրջ 300 շահառու ամենատարբեր ծրագրերից է օգտվում. մի մասը վերականգնողական բուժում է ստանում՝ և՛ ստացիոնար, և ցերեկային ստացիոնար պայմաններում, մի մասը կրթական ծրագրերից է օգտվում, մյուս մասը մշակութային»,–նշում է Հայկուհի Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։