Meta ընկերությունը 25 մլն դոլար կվճարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայցով՝ կապված 2021թ. արգելափակված նրա հաշիվների հետ, հայտնել է NBC News-ը։ Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը կվճարի 25 մլն դոլար, որից 22 մլն-ը կհատկացվի Թրամփի նախագահական գրադարանի հիմնադրամին, իսկ մնացածը կուղղվի դատական վճարներին եւ գործով մյուս հայցատուներին:
Թրամփի Twitter-ի եւ Facebook-ի օգտահաշիվներն արգելափակվել են՝ վտանգավոր համարելով 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ նրա հայտարարությունները։
Կարգավորումը չի պահանջում, որ ընկերությունն ընդունի իր մեղքը, ասել է Սթոունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սա երկրորդ խոշոր կորպորացիան է, որը վճարում է Թրամփի հայցի համար նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո։
Անցյալ դեկտեմբերին ABC-ն նշել էր, որ կվճարի 15 մլն դոլար՝ այն վեճը լուծելու համար, որում Թրամփը պնդում էր, որ հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսը զրպարտել է իրեն:





























