Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարները հունվարի 30-ին Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի լայն շրջանակ։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլու հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի երկու երկրների միջեւ ստորագրվել է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որն էլ ավելի խոր բնույթ է տվել հարաբերություններին։ Միրզոյանի խոսքով՝ երկու գերատեսչությունների հարաբերությունները զարգանում են, երկու երկրների արտգործնախարարությունները մշտական ​​կապի մեջ են, խորհրդակցություններ են անցկացվում։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տնտեսական եւ տարանցիկ հսկայական ներուժը։ Այս համատեքստում Միրզոյանը հիշեցրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը ենթադրում է համագործակցություն ինչպես տարածաշրջանի 3 երկրների միջեւ, այնպես էլ կապեր ավելի մեծ տարածաշրջանի հետ՝ այլ երկրների մասնակցությամբ։ Նախարարը փաստել է Հայաստանի հավատարմությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, դա վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ սահմանազատմանը։ Նույնը վերաբերում է Վրաստանի հետ սահմանազատմանը, ավելացրել է Միրզոյանը։

Իր հերթին, Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանն ավանդաբար գտնվում է Վրաստանի 10 լավագույն գործընկերների մեջ եւ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով երեք ամենաակտիվ երկրների շարքում է։ Թբիլիսին վճռական է ավելի խորացնելու հարաբերությունները Երեւանի հետ, եւ այսօր նախատեսված տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ հանդիպումը լրացուցիչ առիթ է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաներն ու ոլորտները։

Նախարարը գործընկերոջը հրավիրել է այցելել Թբիլիսի, հրավերը հաճույքով ընդունվել է։