Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը կարեւոր ձեւաչափ է։ Այս մասին հունվարի 30-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։
«Դրա կարեւորությունն այն է, որ այն ղեկավարում են երկու երկրների վարչապետերը։ Հայաստանն ու Վրաստանն ունեն ամուր հարաբերություններ տարբեր ոլորտներում, ընդհանուր շահեր, եւ մենք ցանկանում ենք էլ ավելի խորացնել հարաբերությունները տնտեսության, տրանսպորտի, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում»,- նշել է ԱԳ նախարարը՝ հաստատելով վրացական կողմի պատրաստակամությունը՝ աջակցել տարածաշրջանում խաղաղության կայունության ամրապնդմանը եւ դյուրինացնել հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ՀՀ արտգործնախարը համերաշխություն է հայտնել վրացի գործընկերոջ՝ հանձնաժողովի նիստի կարեւորության գնահատականներին, սակայն այս մասին ավելի մանրամասն խոսելը թողել է երկու երկրների վարչապետերին։
Պատասխանելով անցյալ տարի ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին հարցին՝ վրացի նախարարը հիշեցրել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ գոյություն ունի դարավոր բարեկամություն, ինչի մասին ասվում է փաստաթղթում։ «Սա ներուժ է, որը կարող է էլ ավելի հագեցնել օրակարգը եւ խթանել համագործակցությունը երկկողմ շահերն ավելի լավ ներկայացնելու համար: Համագործակցությունը շատ ոլորտներում հիմնված է ամուր հիմքի վրա, եւ մենք մտադիր ենք էլ ավելի հարստացնել հարաբերությունները»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։





























