Պայթյուն է տեղի ունեցել իսպանական Մուրսիա շրջանում գերմանական Rheinmetall պաշտպանական ընկերությանը պատկանող գործարանում։ Այս մասին հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Ինչպես պարզաբանել է արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել Rheinmetall Expal Munitions ձեռնարկության տարածքում, որը մասնագիտացած է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։
Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մոտավորապես 19:20-ին, տուժել է վեց բանվոր։ Նրանցից հինգը տեղափոխվել են հիվանդանոց, մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Ըստ Heraldo-ի՝ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհն ընդգրկել է մոտ 2000 քառակուսի մետր տարածք։ Այժմ հրդեհը մարվել է, նշում է պարբերականը:
El País-ը հայտնում է, որ ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Rheinmetall Expal Munitions-ի փոշու պահեստներից մեկում: Միջադեպի պատճառները ներկայումս պարզվում են։
Rheinmetall Group-ը Գերմանիայում զենք արտադրող խոշորագույնն է և Եվրոպայում պաշտպանական արտադրանքի առաջատար մատակարարներից մեկը: Այն Գերմանիայի, ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում է կարևոր զինամթերք և ռազմական տեխնիկա։





























