Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ զգացել է արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը` ելույթ ունենալով Հայաստանի դեսպանատանը կազմակերպված պարգեւատրման արարողությանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Արցախի նախագահը նշել է, որ Արցախն այս տարի նշում է անկախության հռչակման 20-ամյակը: «1991թ. սեպտեմբերի 2-ը պատմական օր է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը` հավելելով, որ ԼՂՀ Անկախությասն հռչակագիրը անկախության վերականգնման եւ պպատմական արդարության վերականգնման հիմք դարձավ: Բաժանելով ղարաբաղյան պետության կայացման պատմությունը երեք փուլի` պայքարի սկիզբ, Ադրբեջանի հրահրած պատերազմ ու երկրի վերականգնում, Բակո Սահակյանն ասել է, որ ԼՂՀ ժողովուրդը միշտ է զգացել արտերկրում ապրող հայրենակիցների աջակցությունը: «Հատկապես նրանց, ովքեր ապրում են ՌԴ-ում»,- նկատել է Սահակյանը եւ ասել, որ դա խթան է ժողովրդի համար: «Մեր նպատակն է կառուցել երկիր, ուր այցելելը հպարտության զգացում կառաջացնի»,- ամփոփել է նախագահը: