Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր ստորգետնյա բազա, որտեղ տեղակայված են թեւավոր հրթիռներ, որոնք նախատեսված են ռազմավարական հարավային ջրերում կործանիչները թիրախավորելու համար, հայտնում է Mehr-ը։

Շաբաթ օրն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է Իրանի հարավային ափին գտնվող «հրթիռային քաղաք»: Այցի ընթացքում Սալամին ստուգել է նոր օբյեկտում ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրթիռային ստորաբաժանումների մարտունակությունը:

Ստորգետնյա բազայում տեղակայված արդիականացված հրթիռները նաև հագեցած են էլեկտրոնային պատերազմի համակարգերով և կարող են շահագործման հանձնվել ամենակարճ ժամկետում։

Սա արդեն երրորդ ստորգետնյա հրթիռային բազան է, որը բացվել է ԻՀՊԿ-ի կողմից մեկ ամսից պակաս ժամանակահատվածում։

Հունվարի 18-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմածովային ուժերը ցուցադրել են ստորգետնյա ռազմածովային հրթիռային բազա Պարսից ծոցում չբացահայտված վայրում: Ավելի վաղ՝ հունվարի 10-ին, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը բացել էին ևս մեկ ստորգետնյա հրթիռային քաղաք։

Իրանն ասում է, որ իր բալիստիկ հրթիռները ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ կարևոր զսպող միջոց են՝ պնդելով, որ իր հրթիռային ծրագիրը սակարկելի չէ: