«Արբատ» գումարտակի հիմնադիր, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Սարգսյանը ստացած վերքերից մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Նա վիրավորվել էր «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, գրել են ռուսական թելեգրամ-ալիքները։

ՔԿ-ում հաստատել են «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյունի հետեւանքով երկրորդ մարդու մահանալու փաստը։

Ավելի վաղ ռուսական հատուկ ծառայությունները հայտնել էին, որ Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված էր եւ մանրակրկիտ ծրագրված։

«Ալ առագաստներ» բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, այն պահին, երբ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջում էր սրահում։ Տեղում անմիջապես հայտնաբերվել են մեկ զոհ եւ մի քանի ծանր վիրավորներ, այդ թվում՝ Սարգսյանը։ Պայթուցիկ սարքի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլին։

Բնակիչների խոսքով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել բազմոցում կամ աթոռներում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը կարող էր բերած լինել առաքիչը կամ կոմունալ ծառայությունների աշխատակիցը։

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ ստորաբաժանման հիմնադիր Արմեն Սարգսյանը քրեական հեղինակություն է Դոնեցկի մարզից, մականունը՝ «Գորլովսկի»։ Նրան կապել են փախուստի մեջ գտնվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի հետ եւ անվանել «տիտուշկաների» կազմակերպիչ, որը դեմ էր Մայդանին։ 2014թ. Սարգսյանը Ուկրաինայի պահանջով միջազգային հետախուզման մեջ է՝ որպես Կիեւի կենտրոնում սպանությունների կազմակերպիչ։ Նրա զոհերից է լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը, նշել է գլխավոր դատախազությունը։ Սարգսյանի հանդեպ պահանջներ ուներ նաեւ Հայաստանը։ Հանրապետության Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Արբատը» հավաքագրել է նրա բնակիչներին՝ օգնելով Ռուսաստանին պատրաստել պետական հեղաշրջում։