Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը մտադիր է առաջիկա օրերին հրապարակել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման նախնական զեկույցը Աքթաուի օդանավակայանի մոտակայքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաեւը։
«Աշխատանքներն ավարտական փուլում են, ակնկալում ենք, որ առաջիկա օրերին մեր կայքում պաշտոնապես կհրապարակվի նախնական զեկույցը։ Մասնագետներին ժամանակ է պետք, որպեսզի ավարտին հասցնեն իրենց աշխատանքը, դա շատ նուրբ, տքնաջան աշխատանք է»,- ասել է նա։
Նա նշել է, որ աշխատանքներին մասնակցում են մասնագետներ Ղազախստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից։
«Մասնագետները քրտնաջան աշխատում են։ Ներգրավված են միջազգային մասնագետներ՝ Ադրբեջանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից [որպես Embraer 190 ինքնաթիռի արտադրող երկիր], CENIPA-ից (Բրազիլիայի օդանավերի վթարների հետաքննության եւ կանխարգելման կենտրոն) եւ ICAO-ից (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն): Նրանց բոլորի աշխատանքն ավարտական փուլում է»,- ընդգծել է գերատեսչության պետը




























