Արցախի լուծարման մասին ոչ լեգիտիմ փաստաթղթի տեքստը գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կոլեկտիվ քննարկման արդյունք է, որն ընդունվել է Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոնք տեքստում փոփոխություններ կատարելու առաջարկել են արել: Այդ փոփոխությունները մտցվել են։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի լուծարման մասին այս, այսպես կոչված, փաստաթուղթն ընդունվի Արցախի խորհրդարանի միջոցով։
Նա հավելել է, որ Արցախի գործադիր և օրենսդիր մարմինների ճիշտ համագործակցությամբ հնարավոր եղավ ապահովել, որ այս փաստաթուղթը լեգիտիմություն չունենա, քանի որ եթե այն ընդունվեր խորհրդարանի միջոցով, այս հարցն էլ ավելի կշահարկվեր։
Գալստյանը պարզաբանել է, որ Ադրբեջանին ներկայացվել է այս ոչ լեգիտիմ փաստաթուղթը, քանի որ հակառակ դեպքում նա կշարունակեր իր ցեղասպանական գործողությունները։
«Այդ ոչ լեգիտիմ փաստաթղթի վերաբերյալ եղել են առաջարկներ Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք ընդունվել են։ Ուստի Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե Փաշինյանը տեղյակ չի եղել դրա մասին, իրականությանը չեն համապատասխանում»,- ընդգծել է Արցախի խորհրդարանի պատգամավորը։
Նա նշել է, որ ընդդիմությունում եղած ժամանակ Փաշինյանը շատ էր շահարկում այն թեման, թե իբր Արցախը ծախվում է, իշխանություններն էլ շարժվում են Ադրբեջանի օրակարգով, թեև հենց նրա իշխանությունն էր, որ հանձնեց Արցախը և շարժվում է Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգով։
«Նա վճռեց Արցախի ճակատագիրը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում, իսկ հիմա մեղավորներ է փնտրում։ Հայաստանում իշխանափոխությունից հետո նա կպատժվի արցախցիների ցեղասպանության ժամանակ անգործության համար, թեպետ Փաշինյանը փորձում է ամեն ինչ այնպես ներկայացնել, թե իբր ինքը դրա հետ ոչ մի կապ չունի»,- նշել է պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ 2018 թվականից Բաքվի հրահանգներին հետևած անձը բանակցել է Ադրբեջանի հետ, ինչի պատճառով էլ Արցախը կորցրել ենք։
Գալստյանը սուտ է անվանել Փաշինյանի այն հայտարարությունները, ըստ որոնց Արցախի պատվիրակությունը հրաժարվել է Սոֆիայում հանդիպել Ադրբեջանի պատվիրակության հետ, իսկ Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։











