Երկուշաբթի կեսօրին Արիզոնայի Սքոթսդեյլ օդանավակայանում Mötley Crüe-ի երգիչ Վինս Նիլի մասնավոր ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի, մեկ մարդ է զոհվել,  մեկը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նիլի ինքնաթիռը մոտենում էր օդանավակայանին՝ վայրէջք կատարելու, երբ դուրս է եկել թռիչքուղուց և գետնին բախվել մեկ այլ ինքնաթիռի, ասված է Նիլի խոսնակի հայտարարության մեջ: Նիլի ինքնաթիռում երկու օդաչու և երկու ուղևոր է եղել, բայց ինքը՝ Նիլը, ինքնաթիռում չի եղել։

Ժամանող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել Gulfstream 200 ինքնաթիռին, որը կայանված էր մասնավոր սեփականության վրա, հայտնել է Սքոթսդեյլի օդանավակայանի ավիացիոն պլանավորման և գործառնությունների համակարգող Քելլի Քուեսթերը:

Պարզվել է, որ ժամանող ինքնաթիռի ձախ հիմնական շասսին խափանվել է, ինչն էլ հանգեցրել է բախման։

Տեխասի նահանգ Օսթինից ժամանած ինքնաթիռում չորս մարդ եղել է,  մեկ մարդ էլ՝ կայանված ինքնաթիռում, հայտնել է Քուեսթերը:

Բախման հետևանքով վիրավորված երկու հոգի տեղափոխվել են վնասվածքաբանական կենտրոններ, իսկ մեկը գտնվում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում, ասել է Սքոթսդեյլի հրշեջ բաժնի կապիտան Դեյվ Ֆոլիոն: Նա տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում բախման հետևանքով մահացածի դին հայտնաբերելու ուղղությամբ։

Թռիչքուղին փակվել է և «տեսանելի ապագայում» փակ կմնա: