Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում բարձր է գնահատել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման արդյունքները։
«AERO-India-2025»-ի շրջանակում արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի պաշտպանության նախարար պարոն Սուրեն Պապիկյանի հետ։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական կապերում ձեռք բերված զգալի առաջընթացը և երկուսս էլ պայմանավորվեցինք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ։
Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակից։ Տեղի է ունեցել քննարկում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերին։
Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։





























