Հայաստանի քայլերը ուղղված չեն որեւէ գործընկերոջ դեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տալու մասին օրենքը ՌԴ-ի դեմ ուղղված քայլ չէ:

«Մենք ունենք եւ շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր  գործընկերների հետ, այդ թվում ՌԴ-ի: Վստահաբար, տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարը աշխատանքային այցով հյուրընկալվել էր Մոսկվայում եւ այնտեղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են ունեցել»,-ասաց նա:

Հարցին՝ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի այց ՌԴ նախատեսվո՞ւմ է, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Եթե նման այցեր նախատեսվեն, վստահաբար, կառավարության գործընկերները պատեհ պահին կիրազեկեն դրա մասին: Այս պահին օրակարգում նման բան չունենք»: