Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են մեկ կենտրոնից կառավարվող համացանցային արշավ։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ իր էջում հրապարակելով բազմաթիվ ՔՊ-ականների նույնաբովանդակ գրառումը ուղղված Ռուբեն Մխիթարյանին:
«Արշավի մասնակիցները, որոնց թվում են հանրային ծառայողներ, սոցցանցերի իրենց էջերում հրապարակում են հայհոյանք պարունակող նույնաբովանդակ տեքստ։ Ակնհայտ է, որ իշխող ուժի համակիրների ու հանրային ծառայողների ներգրավմամբ այս կազմակերպված խուլիգանականությունը գտնվում է ոչ թե ընտրական, այլ քրեական օրենսդրության տիրույթում։ Այն ունի քաղաքական պայքարը «ռազբորկաների» վերածելու սադրիչ միտում, որի վերջնանպատակը թերևս ընտրությունների տապալումն է ու ՔՊ-ական չընտրված քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնավարման երկարացումը»,- գրել է նա։
Նշենք, որ նախօրեին Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ բացահայտելով, թե ինչ միջոցով է իշխող ՔՊ-ն կարողացել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքում:
Հիշեցնենք՝ Գյումրիում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին, մրցակցությունը բավականին թեժ է լինելու:
Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են. Ռուբեն Մխիթարյանի բացահայտումները




























