ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը անհրաժեշտ է պահպանել։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ակտիվ փոփոխվող աշխարհում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ կլինի, պարզ է միայն մոտավոր ուղղությունը՝ քիչ թե շատ։ «Այս ընթացքում քայլեր անելը, որոնք անդառնալիորեն կփոխեն բանակցային գործընթացը, հիմարություն է։ Պետք է ամեն գնով պահպանել ՄԽ ձեւաչափը։
Եթե այն լուծարվի, ապա չափազանց դժվար կլինի նման միջազգային ձեւաչափ ստեղծել։ Ինչո՞վ է խանգարում ՄԽ-ն։ ՄԽ կա, սա բանակցային ձեւաչափ է, թող մնա։ Եթե ստեղծվի աշխատանքային նոր ձեւաչափ, ապա այն կարող է լուծարվել։ Անընդհատ նույն փոցխի վրա ոտք դնելով՝ պետության ճակատին արդեն կոշտուկ է գոյացել»,- նշել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները քիչ թե շատ լավ աշխատեցին մինչեւ այն պահը, երբ Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Արցախը որպես Ադրբեջանի մաս։ «Ի՞նչը խանգարեց ձեզ, ինչու՞ պետք է դա ասեիք Պրահայում: Որ Շառլ Միշելը ասի, թե դու ինչ լավ տղա ե՞ս: Որտե՞ղ է այժմ Շառլ Միշելը, աու: Եվրոպացի պաշտոնյաների տրամաչափը փոխվում է։ Շիրակներ, Միտերաններ եւ Քոլեր չկան։ Պաշտոնից հեռանալով՝ մարդիկ կորչում են»,- փաստել է Քոչարյանը՝ նորից ավելացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը պետք է պահպանվի։ Հատկապես այսօրվա անորոշության իրավիճակում։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է լուծարել Մինսկի խումբը, Քոչարյանը նշել է, որ ՀՀ-ն չպետք է կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները։ «Այդ դեպքում ինչո՞ւ բանակցել: Դե, համաձայնեք ու ամբողջ Հայաստանը վերածեք մի մեծ միջանցքի՝ Զանգեզուրից մինչեւ Ամասիա»,- ավելացրել է Քոչարյանը։











