Հայաստանի իշխանությունները տեսականորեն կարող են հասնել խաղաղության, սակայն բանակցությունների ներկա ձեւաչափով գործնականում անհնար է խաղաղության հասնել։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հիմնական սխալն այն է, որ բանակցում է առանց միջնորդների, քանի որ չեն լինելու երաշխավորներ՝ ի դեմս երկրի կամ երկրների միավորման։ Նա նշել է, որ ոչ մի փաստաթուղթ երբեւէ չի զսպել որեւէ պատերազմ՝ բացատրելով, որ պատերազմ զսպելու համար անհրաժեշտ են բանակցություններ, փաստաթղթեր եւ երաշխավորներ, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ անհավասար պայմաններում են։ Քոչարյանը լավագույն երաշխավոր անվանել է այնպիսի բանակի առկայությունը եւ այնպիսի հնարավորությունները, որոնք զգալի չափով կերաշխավորեն խաղաղությունը։ Նրա խոսքով՝ պատերազմները հաճախ չեն սկսվում, քանի որ դրանք կարող են դժվար լինել սկսողների համար։

«Հայաստանը չպետք է պայմանագրային գործընթացը հասցներ ներկա կետին։ Նրանց (Հայաստանի իշխանություններին - խմբ.) ինչ-որ թուղթ է պետք, որը կթափահարեն, որպեսզի հայտարարեն, թե իբր իրենք խաղաղություն են բերել։ Այս դեպքում գլխավորն այն է, որ «խաղաղություն» բառը կա, բայց բովանդակությունն էական չէ։ Շատերը չեն կարդում բովանդակությունը, այլ առաջնորդվում են վերնագրերով, իսկ Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ-խմբ.) շատ լավ հասկանում է դա։ Նրա մասնագիտությունը հենց դա է, նրա մասնագիտությունը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ, քանի որ ձախողել է ե՛ւ դիվանագիտությունը, ե՛ւ պատերազմը»,- նշել է երկրորդ նախագահը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանը փակուղի է ստեղծել եւ ուզում է այն վաճառել որպես «խաչմերուկ» (Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը- խմբ.), իսկ վերնագիրը լավն է. «Երբ նա փորձում է դա ցույց տալ մարդկանց, ովքեր դա հասկանում են, նրանք զարմացած հարցնում են. «Ի՞նչ է, նա մեզ հիմարի տեղ է դնո՞ւմ»: Եթե ​​դուք այսպես եք քարոզում, ապա ես դա կարող եմ հասկանալ։ Բայց երբ դա անում ես լուրջ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, դա անհարգալից վերաբերմունք է այս մարդկանց նկատմամբ»,- ասել է Քոչարյանը։

Նախկին նախագահը չի բացառել, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել, բայց խաղաղությունը տեւական չի լինի, քանի որ չկա զսպող մեխանիզմ, թե ով կարող է խախտել այդ պայմանավորվածությունները։