Ռուսաստանի եւ ԱՄՆ բանակցություններն սկսվել են Էր Ռիադում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Բանակցություններն ընթանում են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայում, Ալբասատին համալիրում։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադ, նրանք բանակցություններ են վարելու ամերիկյան պատվիրակության հետ։ Ուշակովը հայտնել է, որ ՌԴ Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը կարող է միանալ Ռուսաստանի ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսական հարցեր։

Նահանգների պատվիրակությունում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի գծով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Նահանգների նախագահների գագաթաժողովի եւ Ուկրաինայի կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։